Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը՝ Ռուսաստանի փոխվարչապետ

ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե մի օր նրանք նման բանակցություններ սկսեն արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել հենց Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, որոնք առնչվում են այն բանին, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրոպական միության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ», – նշել է նա։

Օվերչուկը նաև հարց է առաջարկել հայ ժողովրդին՝ արդյո՞ք նրանք պատրաստ են միանալ այդ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումներում։ «Եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ, հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր մենք տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ», – հավելել է նա։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ը Հայաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերն է և այդպիսին կմնա մոտ ապագայում։ «Ավելին, մենք նկատում ենք, որ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ մյուս անդամների, մասնավորապես, Ղազախստանի հետ։ Նույնիսկ, հացահատիկի առևտուր է սկսվել Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Ուստի, այստեղ ԵԱՏՄ-ը Հայաստանի համար շատ կարևոր դեր է խաղում», – ասել է Օվերչուկը։

Նա նաև ընդգծել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի հնարավորությունները։ «Ինչպես հայտնի է, Հայաստանը սահմանակից է Իրանին, և, փաստորեն, այդ համաձայնագիրը թույլ է տալիս անմաքս առևտուր իրականացնել ապրանքային գծերի 90%-ով։ Սա եզակի համաձայնագիր է։ Պատկերացրեք, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն այսօր անմիջականորեն իր սահմանին ավելի քան 85 միլիոնանոց շուկայի հասանելիություն է ստացել։ Սա շատ լուրջ գործոն է, որպեսզի Հայաստանը զարգանա, բարգավաճի, եկամուտներ ստանա իրեն ծանոթ շուկայում», – հավելել է Օվերչուկը։

Վերջում նա նշել է, որ Հայաստանում կան մարդիկ, այդ թվում՝ երկրի ղեկավարությունը, որոնք ցանկանում են մերձենալ Եվրամիության հետ։ «Նրանք հանդիպում են, խոսում են, փաստաթղթեր ստորագրում, առաջին հերթին, դա վերաբերում է այժմ վիզային ռեժիմի ազատականացման, Եվրոպական միության ստանդարտների ներդրման հարցերին։ Մենք շատ ուշադիր հետևում ենք ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցերին։ Մենք դա շատ կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի պահպանման համար», – ասել է նա՝ հավելելով, որ եթե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ստանդարտների միջև հակասություններ առաջանան, Ռուսաստանը կպաշտպանի իր շուկան։

Back To Top