Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ վերջինիս Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի կապակցությամբ։
Նամակում կաթողիկոսը խնդրում է փոխնախագահին իր բանակցությունների ընթացքում հանգեցնել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակմանը։
Արամ Ա-ն նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման հարցը՝ մատնանշելով, որ դրանք ենթակա են միջազգային իրավունքի պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Ջեյ Դի Վենսի այցի մասին Հարավային Կովկաս՝ տարածաշրջանի իրավիճակը ուսումնասիրելու նպատակով։ Այցի ստույգ ամսաթվերը դեռ հայտնի չեն, սակայն սպասվում է, որ այն կկայանա փետրվարի առաջին տասնօրյակում։
Ադրբեջանի իշխանությունները հաստատում են, որ իրենց բանտերում պահվում է 19 հայ, սակայն հայկական կողմի տվյալներով՝ գերության մեջ պահվող անձանց թիվը կարող է հասնել մի քանի հարյուրի։ Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մի քանի նախկին և գործող ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։