Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը ընդունել է «ՀայՓաս» ՓԲԸ-ի պատվիրակությունը՝ վերահաստատելու համատեղ հանձնառությունը կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ընդհանուր փորձառության ոլորտում նոր բարձր չափանիշներ սահմանելու հարցում։
Ընդունման ընթացքում ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ հաջորդական փուլերով։ Նախարարը բարձր գնահատել է ձևավորված վստահելի և կառուցողական գործընկերությունը՝ կարևորելով նախանշված ծրագրերի հաջող ու ժամանակին իրականացումը, որը հաստատուն հիմք կհանդիսանա փոխգործակցության հետագա ընդլայնման համար։
Կողմերը քննարկել են ծրագրի մեկնարկի ժամանակացույցը և համաձայնեցրել, որ գործընթացի մեկնարկային փուլում կապահովվի միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնի գործարկումը, անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը, որը կունենա քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակ։ Ծրագիրը կմեկնարկի մասնավորի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ՝ հանրապետության ողջ տարածքում, որոնցից 2-ը Երևանի բանուկ առևտրի կենտրոններում։ Գրասենյակների թիվը ծրագրի մեկնարկին հաջորդող ամիսներին կավելանա՝ հասնելով 23-ի։
Նախարարը նշել է, որ որակական բարձր չափանիշների պահպանման և սահմանված ժամկետների հետ համատեղումը նախարարության առաջնահերթությունն է։ Ընդգծվել է, որ նույնականացման քարտերի տպագրությունը արդեն մեկնարկել է, իսկ անձնագրի հետ կապված աշխատանքները վերջնականացման փուլում են։
Կողմերը քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառությունը հնարավոր տարբեր սցենարներով, դրանց փոխգործելի լինելու հրամայականը սահմանային կառավարման նորագույն լուծումների հետ։
Հիշեցնենք, որ 2025 թ. ապրիլին ՆԳՆ-ն և «ՀայՓասը» պայմանագիր են ստորագրել Հայաստանում ժամանակակից ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման նպատակով։ «ՀայՓաս» ՓԲԸ-ն հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։