Ապրիլի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության` Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերությունների և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների առջև ծառացած հարցերը և երկու երկրների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ հատկապես միջազգային կառույցներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։
Արման Խաչատրյանը ներկայացրել է 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ վերահաստատելով Հայաստանի կողմից այդ հոբելյանական միջոցառումը բարձր մակարդակով հյուրընկալելու հանձնառությունը։ Կողմերը ընդգծել են խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածման, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի զարգացման հզոր գործիք։
Մտքեր են փոխանակվել նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի կազմակերպման և հնարավոր համագործակցության հարցերով։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող քննարկումներում բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և բովանդակային մասնակցության ապահովմանը։
Զրույցի ընթացքում Արման Խաչատրյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և երկարատև կայունության ապահովման կարևորությունը։