Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր անվտանգության թիմի անդամի՝ Իսրայելի ՀՕՊ ուժերի նախկին հրամանատարի ձեռքբերումները

Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրապարակել է իր անվտանգության թիմի անդամներից մեկի՝ Իսրայելի ՀՕՊ ուժերի նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Զվիկա Խայմովիչի մասին տեղեկություններ։

Ըստ կուսակցության հաղորդագրության՝ գեներալ Խայմովիչը ավելի քան երեք տասնամյակ է նվիրել օդային անվտանգության հարցերին։ Նրա ղեկավարությամբ Իսրայելի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել և ցուցադրել իրենց արդյունավետությունը մի շարք առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ», «Arrow-2», «Arrow-3» և «David’s Sling»։

Զվիկա Խայմովիչը ունի ազգային անվտանգության բնագավառի մագիստրոսի և Մերձավոր Արևելքի հետազոտությունների բակալավրի աստիճաններ։ Նա նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինվորական քոլեջի շրջանավարտ է։ Ներկայումս նա զբաղեցնում է Ռայխմանի անվան համալսարանի ավագ գիտաշխատողի պաշտոն և ղեկավարում է «Mind Israel» ռազմավարական նախաձեռնությունը։

«Մենք հավաքում ենք աշխարհի լավագույն մասնագետներ՝ ազգային անվտանգության ոլորտում, քանի որ հավատում ենք, որ դա երկիրը փրկելու և կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհն է»,- նշել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում՝ ընդգծելով, որ գեներալ Խայմովիչի փորձը կօգտագործվի «Ուժեղ Հայաստան» ստեղծելու համար։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) ներկայացրել էր կուսակցության «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի վեց սկզբունքները։

Back To Top