Իրանի դեսպանը հայտարարել է Կովկասյան տարածաշրջանում իր երկրի քաղաքականության մասին

Վրաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ադիբը հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ, հայտարարել է, որ Իրանի քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանում ուղղված է խաղաղության պահպանմանը և տարածքային ամբողջականության հարգմանը։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել դեսպանի վաստակը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Վրաստանը գիտի հարաբերությունների ամրապնդմանն ուղղված դեսպանի «արժեքավոր ջանքերի» մասին։ Պապուաշվիլին նշել է, որ վերջին լարվածության ժամանակահատվածում դեսպանը հաջողությամբ է կառավարել հարաբերությունները։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաև ընդգծել է, որ Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է խաղաղությանն ու կայունությանը։ Նա հույս է հայտնել, որ անվտանգության հաստատումը կօգնի ավելի ամուր հիմքեր ստեղծել Իրանի հետ համագործակցության համար։ Պապուաշվիլին նշել է, որ երկու երկրների ժողովուրդներն ունեն հարուստ մշակութային և քաղաքակրթական ժառանգություն, որը կարող է նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը։

Իր հերթին՝ Իրանի դեսպանը բարձր է գնահատել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեսակետը և կրկին հաստատել Կովկասում Իրանի քաղաքականության խաղաղասեր բնույթը։ Նա կարևորել է խորհրդարանների դերը շահերի համախմբման գործում և վիզային ռեժիմի վերացումը համարել է երկու կողմերի կամքի դրսևորում։ Ադիբը նաև ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության զարգացման և բարեկամական պատվիրակությունների փոխանակման կարևորությունը՝ միաժամանակ կոչ անելով պահպանել իրանցիների պատիվն ու արժանապատվությունը Վրաստանում՝ վկայակոչելով երկրի ներգաղթի օրենսդրությունը։

Back To Top