ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի՝ որպես Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան դարպաս։ Նա բնութագրել է մարզը որպես կայուն, զարգացած և բարգավաճ տարածաշրջան, որը լիովին համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական նպատակներին։
Կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության, ինչպես նաև հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ ծրագրեր և նախաձեռնություններ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանի քաղաքների և Սյունիքի մարզի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը՝ համաձայնության գալով դրանք խթանելու և իրականացնելու անհրաժեշտության վրա։
Այցի շրջանակում Խալիլ Շիրգոլամին այցելել է Նորավան ենթակայան, որը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագծի հիմնական կետերից է։ Դեսպանը ծանոթացել է նախագծի իրականացման ընթացքին, ձեռք բերված առաջընթացին և նոր փուլի մանրամասներին։
Նա բարձր գնահատել է պատասխանատուների կողմից ցուցաբերված ջանքերը և ընդգծել է նախագծի արագացման և ժամանակին ավարտի ապահովման անհրաժեշտությունը՝ կոչ անելով ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի միջև 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծը, որի հզորությունը կազմում է 1100 մեգավատ, 270 կիլոմետր երկարությամբ է։ Այն սկսվում է Իրանի սահմանից՝ Նորդուզի շրջանում, և ավարտվում՝ Երևանում։ Նախագծի իրականացումը նպատակ ունի ապահովել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի անխափան և կայուն մատակարարում։