Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Նա նշել է, որ պատվիրակության այցը համընկնում է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք ներկայացնում են երկկողմ հետաքրքրություն։ Այդ հարցերին անդրադառնալիս քննարկվել են աշխարհաքաղաքական իրադարձությունները, պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերը, խաղաղության օրակարգը, ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ինչպես նաեւ ոլորտում Մերձբալթյան երկրների փորձի ուսումնասիրությունը եւ արհեստավարժ բանակ ունենալուն ուղղված միջոցառումները։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է խորհրդարանական համագործակցության ամրապնդումը ոլորտային հանձնաժողովների միջեւ։
Նույն օրը Լիտվայի պատվիրակությունը այցելել է Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի եւ հիշատակի արտահայտում են կատարել՝ ծաղիկներ դնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը։