Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական ճեմարանը համատեղ կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանրապետությունում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի օրերին։
Այս շաբաթվա ընթացքում Երևանում բուլղարական դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել պոեզիայի ժամ, որին մասնակցել են ճեմարանի սաները։ Նրանք բուլղարերեն և ֆրանսերեն արտասանել են բուլղարացի հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները։ Որոշ ստեղծագործությունների ընթերցումը զարդարվել է ճեմարանի սաների կողմից կատարվող երաժշտական նվագակցությամբ։
Հանդիպումը բացելով՝ Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին՝ ֆրանսերեն լեզվի և մշակույթի հանրահռչակմանը նպաստող այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար։
Միջոցառմանը ներկա էին Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագետներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ճեմարանի ղեկավարությունը, մանկավարժական կազմը և ճեմարանի սաների ծնողները։
Բացի պոեզիայի ժամից, մարտի 28-ին Բուլղարիայի դեսպանությունը և ճեմարանը համատեղ կազմակերպել են սեղանի թենիսի մրցաշար։
Մրցաշարի մեկնարկից առաջ Նիկոլա Նիկոլովը կոչ է արել մասնակիցներին մնալ նպատակասլաց և ձգտել հաջողության։ Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կրթահամալիրի տնօրենին՝ համագործակցության համար, ինչպես նաև ճեմարանի վարչակազմին և աշակերտներին՝ Երևանում ֆրանսերեն լեզվի և մշակույթի բարեկամների ցուցաբերած նվիրումի համար։
Դեսպանը նաև նշել է, որ առաջիկայում նախատեսվում են այլ նախաձեռնություններ, որոնք կթույլ տան ճեմարանի սաներին ազատ ցուցադրել իրենց հմտությունները և զարգացնել իրենց գիտելիքները։
Մրցաշարի ավարտին Նիկոլա Նիկոլովը մեդալներ է հանձնել հաղթողներին, իսկ մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ հավաստագրեր։