Հայաստանը չի պատրաստվում ձեռնարկել որևէ քայլ երկաթուղիների հարցում՝ առանց երկխոսության Ռուսաստանի հետ

Հայաստանը չի պատրաստվում ձեռնարկել որևէ քայլ և քննարկել Ռուսաստանի թիկունքում, գոնե՝ այս փուլում, քանի որ երկխոսության լայն հնարավորություններ կան։ Այս մասին ապրիլի 9-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանի կառավարմանը հանձնելու հնարավորությունը։

«Մենք կշարունակենք աշխատանքը», – ընդգծել է նա՝ նշելով, որ Ղազախստանը օգոստոսից չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP (Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի նկատմամբ։

Վարչապետը նշել է, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացող է, հատկապես՝ դեպի Չինաստան և Չինաստանից բեռների հոսքերի մասով։ «Եվ մենք քննարկել ենք այդ հարցը, այդ թվում՝ Ղազախստան կատարած իմ այցի ժամանակ, և մեր գործընկերները փորձում են ավելի առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար», – ասել է նա։

Փաշինյանը հաղորդել է, որ Ղազախստանը միակ երկիրը չէ, որը հետաքրքրված է նախագծով, և նման երկրներ շատ են։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիայի փոխանցմանը ղազախական ընկերությանը, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։

Այս հարցում ակտիվ դերակատարում ունեցող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ գոյություն չունի։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի բոլոր հարեւանները, նույնիսկ ԵՄ-ից, շահագրգռված են Ռուսական երկաթուղիների օգտագործմամբ, իսկ Հայաստանը միայն հարցականի տակ է դնում համագործակցության շարունակությունը։

Օվերչուկը նաև պարզաբանել էր, որ, «հաշվի առնելով Կասպից ծովում նավագնացության մրցունակության վրա ազդող գործոնները, Միջին Ասիայի երկրներից Հայաստանի և Թուրքիայի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ զգալի բեռնափոխադրումները կանցնեն Ռուսաստանի Դաշնության տարածքով»։

Վերջին օրերին ղազախական կողմը հաղորդել է, որ բանակցություններ չի վարում Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռք բերման շուրջ։

Back To Top