Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին վերադարձով

Ապրիլի 8-ի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին, հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի լիիրավ վերադարձով կազմակերպությանը։

«Ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին, կեղծիքներին, անպարկեշտություններին և այլն։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերականգնի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգության կառույցի գործունեությանը», – նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ գոյություն ունի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր, որը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։

Այս հայտարարությունը հաջորդում է Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության բոյկոտին, որը սկսվել է 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Այս հարցը նորից հանրային դարձավ սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։

Back To Top