ՀՀ դատախազության հսկողության ներքո 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացվել է։ Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Դավիթ Մինասյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից», – գրել է Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին ՀՀ դատարանը երկու ամսով երկարաձգել էր Դավիթ Մինասյանի նախնական կալանքը։ Ըստ մեղադրանքի՝ նա մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Սուրբ Աննա եկեղեցում, պատարագի ժամանակ, կատարել է խուլիգանական գործողություն՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպի։ Թեև նրա ձեռքը հետ են քաշել թիկնապահները, այդ գործողությունը որակվել է որպես պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտում։
Այս գործով Դավիթ Մինասյանին առաջադրվել էր երկու մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական պաշտոնեական կամ քաղաքական գործունեությանը խոչընդոտելը), որոնք նախատեսում են մինչև հինգ տարի ազատազրկում։
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեն գործը հարուցել է հենց 452-րդ հոդվածով, չնայած վարչապետ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին մասնակցում է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու շարքային հետևորդ։
Այս իրադարձությունից հետո համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցը ուժեղ հարված է հասցնում Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկնում և երկար ժամանակ ուշքի չի գալիս։