Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։

Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում։

Ողջունելով հյուրերին՝ ես կարևորել եմ նման ձևաչափի հանդիպումների դերը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից։ Պատվիրակությանը ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Պարբերաբար իրականացվող մարզային այցերի շրջանակում ես հանդիպում եմ գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք հետագայում ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին։ Կարևորել եմ տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության ապահովումը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնումը։

Պատվիրակությանը ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները, որոնք հիմնված են քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Ընդգծել եմ, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում կարևորել եմ երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – եզրափակել եմ իմ խոսքը։

Հանդիպման ավարտին բարձր եմ գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։ Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։

Back To Top