Արմինֆո. Ապրիլի 17-ին Ստամբուլում, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում, կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակում ընթացող դրական գործընթացները։ Այս գործընթացներում առանձնահատուկ կարևորություն է տրվել խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։
Կողմերը բարձր են գնահատել Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ։ Այս համատեքստում հատուկ երախտագիտություն է հայտվել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։
Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ սկսված շփումները, որոնք իրենց արդյունքներն ունեցել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել եւ խորացնել այդ շփումները։
Վերջում նախագահները հաստատել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ որպես երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման հիմնական գործիք։