«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ կապված նրա առաջիկա այցի հետ Հայաստան և Ադրբեջան: Նամակում նա հիշեցնում է ԱՄՆ-ի պաշտոնյայի ու նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը՝ կանխելու Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիան, որի արդյունքում ստորագրվեց «TRIPP»-ը։
Արման Թաթոյանը նշում է, որ իր թիմը բարձր է գնահատում և խորապես արժևորում նախագահ Թրամփի և փոխնախագահ Վենսի գործունեությունը, որը, նրա խոսքով, հանդիսանում է «ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ արդյունքներ»։
Նամակում առանձնացվում են երեք հիմնական, չլուծված հարցեր, որոնք, Թաթոյանի կարծիքով, պետք է դառնան բանակցությունների կենտրոնական թեմաներ՝ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների հարցը, 2021 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից օկուպացրած ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ իրականացված էթնիկ զտումները։
«Մեր թիմն ունի մանրամասն փաստաթղթեր՝ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների վերաբերյալ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ադրբեջանական զինված ուժը ընդամենը մի քանի օրում բռնի տեղահանել իրենց հայրենիքից 120,000 մարդու», – նշում է Թաթոյանը՝ հավելելով, որ պատրաստ են այդ փաստաթղթերը փոխանցել Վենսի թիմին՝ օգնելու Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ձևավորելու գործում։
Նախաձեռնության ղեկավարը վստահ է, որ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Վենսը կարող է ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիներին ու պատանդներին, ինչը, նրա խոսքով, կբերի հույս հազարավոր հայ ընտանիքների և կստանա լայն արձագանք աշխարհի հայ համայնքում։
Թաթոյանը նաև ընդգծում է, որ հարատև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը կհաջողվեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, իսկ բռնի տեղահանված հարյուր հազարավոր քրիստոնյա հայերի իրավունքները վերականգնվեն։
Նամակի վերջում Թաթոյանը նշում է, որ նախագահ Թրամփի և փոխնախագահ Վենսի այս ջանքերը հայ ժողովրդի համար կդառնան հերոսական, և նրանց անունները կմնան պատմության էջերում։ Նա հավատում է, որ երկու ազատասեր ժողովուրդների դաշինքը կարող է բացել նոր դարաշրջան Կովկասում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարին Ջեյմս Դեյվիդ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան։