Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հրապարակել է ուղերձ, որում կոչ է արել պահպանել հավաքական հիշողությունը և ընդգծել հավաքական հիշողության պահպանման կարևորությունը։

«Մենք խորը վշտով հիշում ենք այս մարդկային ողբերգության զոհերին և խորհում տոկունության և սեփական ինքնությանը հավատարմության կարևորության մասին», – նշել է նախագահը։ Նա ընդգծել է, որ Լիբանանը դարձել է ապաստան հայերի համար, ովքեր այստեղ գտել են երկրորդ հայրենիքը, ներդրում ունեցել երկրի զարգացման գործում և դարձել նրա ազգային հյուսվածքի ու հարուստ բազմազանության անբաժանելի մասը։

Ջոզեֆ Աունը նաև նշել է, որ այս տարելիցը հնարավորություն է տալիս կրկին ընդգծելու հավաքական հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության արժեքների առաջմղման, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի համար աշխատելու կարևորությունը։

«Մենք ողջունում ենք հայ ժողովրդին և վերահաստատում ենք Լիբանանի հավատարմությունը իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմազանության երկրի, ինչպես նաև այն համոզմունքը, որ հիշողության պահպանումը ողբերգությունների կրկնությունը կանխելու հիմնարար հիմքն է», – ամփոփել է Լիբանանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունը, որը հետագայում վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Այս ողբերգության հետևանքով զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն անմեղ մարդ։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման ենթահանձնաժողովը և այլն։ Այս տարիներին ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Լիբանանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և այլն։ Թուրքիան շարունակում է ժխտել այս ողբերգությունը։

Back To Top