Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանում այս ողբերգությունը միշտ ընդունվել է որպես սեփական վիշտ։

Զախարովան հիշեցրել է, որ ցեղասպանության հետևանքով զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ, իսկ ավելի քան 600 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Նա նաև նշել է, որ այդ ժամանակաշրջանում ավերվել են հայկական հոգևոր սրբավայրերը և քանդվել ճարտարապետական հուշարձանները։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում հետևողական է և օբյեկտիվ՝ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ։ Նա նշել է, որ Ռուսաստանը մի շարք միջազգային-իրավական ակտերի, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու մասին կոնվենցիայի մասնակիցն է։

Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը՝ դեռևս 1995 թվականին Պետդումայի համապատասխան փաստաթղթերում։ Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը Ռուսաստանում նշվում է որպես հարգանքի տուրք ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն պաշտոնատար անձինք, ամեն տարի այցելում են Երևանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, չի հեռացնում իր կողմից իրականացված աջակցության նման ժեստերի մասին հրապարակումները սոցիալական ցանցերից և տեղեկատվական հարթակներից, ինչպես նաև չի խուսափում օգտագործել «ցեղասպանություն» բառը։

Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանում գիտեն, որ ապրիլի 24-ը հսկայական հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի բարեկամ հայ ժողովրդի և ՌԴ բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար, որոնց համար սա սգո օր է և հայերի տոկունության խորհրդանիշ։

Back To Top