Գլխավոր դատախազությունը բռնագանձել է Կարապետ Գուլոյանի օգնականի ապօրինի ծագում ունեցող գույքը

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20,6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։ Գույքի միջին շուկայական արժեքը կազմում է 323 միլիոն 800 հազար դրամ (մոտ 871 հազար դոլար)։

Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ հիշեցնելով, որ գերատեսչությունը հաշտության համաձայնություն է կնքել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որը հաստատվել է դատարանի 2026 թվականի մարտի 5-ի որոշմամբ։

2023 թվականի օգոստոսի 29-ին վերահսկող մարմինը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայց՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանից և նրա կնոջից ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու վերաբերյալ։ Հայցում ներառված այլ գույքի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։

Back To Top