Կանադայի վարչապետը հիշատակեց Հայոց ցեղասպանության զոհերին

Այսօր, ապրիլի 24-ին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ նշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ Եղեռն։

Քարնին նշել է, որ Կանադան, 2006 թվականին պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, տվել է այդ ողբերգության վաղուց սպասված գնահատականը։ Նրա խոսքով՝ «Ճանաչումը նշանակում է նաև պարտավորություն՝ երբեք չմոռանալ հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունն ու վայրագությունները»։

Վարչապետը նաև հայտնել է, որ Կանադայում ապրիլը Ցեղասպանությունների հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է։ «Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը կրում է մեզնից յուրաքանչյուրը, և այն սկսվում է հիշողությունից։ Պահպանելով հիշողությունը՝ մենք հանձն ենք առնում լինել զգոն, որպեսզի նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չկրկնվեն»,- նշել է նա։

Back To Top