ՌԴ Պետդումայի նախագահը՝ Հայաստանի ԵՄ-ին մոտեցման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք ուղղված են Եվրոպական Միության հետ մերձեցմանը, հանգեցնում են երկրում հասարակության պառակտման, ինչը հղի է մեծ խնդիրներով։ Այս մասին գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ռուսական Max հավելվածի իր ալիքում։

Վոլոդինը նշել է, որ հայաստանյան հնարավոր ամենամեծ կորուստը միասնության կորուստն է, և հենց դրանից են սկսվել խնդիրները շատ երկրներում։ Նա զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ, մասնավորապես, 2014 թվականի իրադարձությունների հետ, և նշել, որ մերձբալթյան երկրների ԵՄ-ին մոտեցման ձգտումը երջանկություն չի ավելացրել։

Պետդումայի ղեկավարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային կապերի վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտուրը կտրուկ նվազել է՝ 45,4 տոկոս, և նման բացասական միտումը պահպանվում է։ Վոլոդինը նշել է, որ Հայաստանում աշխատող ռուսաստանյան ձեռնարկատերերը սկսել են փակել իրենց ձեռնարկությունները՝ «ապագայում անորոշության իրավիճակի և այն խնդիրների առնչությամբ, որոնք կարող են առաջանալ»։

Վկայակոչելով փորձագետների գնահատականները, Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրա համար արժենալ ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորուստ, ինչը կազմում է առնվազն 5 մլրդ դոլար։ Նա ընդգծել է, որ կորուստները ավելի շատ կլինեն, և դրանցից բնավ ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։

Պետդումայի նախագահը նաև խոսել է ազգային և ավանդական արժեքների մասին՝ նշելով, որ «արդեն տեսնում են պատմությունը վերաշարադրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր»։ Նրա խոսքով՝ «Հայ ժողովրդին պարտադրում են արևմտյան ազատական արժեքներ, հալածանք է ընթանում եկեղեցու դեմ»։

Վոլոդինը եզրափակել է իր մտքերը՝ ընդգծելով, որ ճանապարհի ընտրությունը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրություն է, և ցանկացած քաղաքական գործիչ պետք է առաջնորդվի հենց դրանով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի փոխադարձ առևտուրը նվազել է 38,3 տոկոսով՝ կազմելով 7,6 մլրդ դոլար։ Արտահանման նվազումը կազմել է 6,9 տոկոս (մինչև 2,9 մլրդ դոլար), իսկ ներմուծմանը՝ 49,2 տոկոս (մինչև 4,7 մլրդ դոլար)։

Back To Top