Ուժեղ Հայաստան կուսակցությունը կենտրոնանա կանանց զբաղվածության ապահովման և գյուղատնտեսության խնդիրների լուծման վրա

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում կայացած հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցության առաջնահերթություններից մեկը կդառնա կանանց զբաղվածության ապահովումը։

Ըստ նրա՝ համայնքների զարգացման համար կարևոր է ոչ միայն գյուղատնտեսության, այլև կանանց զբաղվածության հարցի լուծումը։ Նա նշել է, որ Հայաստանում կանանց համար ամենահետաքրքիր ուղղությունը կարող է դառնալ տեքստիլ արդյունաբերության զարգացումը։

«Հենց տեքստիլը կապահովի աշխատատեղեր։ Ժամանակին Հայաստանում այս ոլորտում հարյուր հազարավոր մարդիկ են աշխատել։ Մենք ասում ենք, որ այստեղ կստեղծենք տեքստիլ արդյունաբերություն, կհիմնվի տեքստիլ ֆաբրիկա, որպեսզի կանայք աշխատանք ունենան»,- ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ այս ոլորտը կարող է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր դառնալ։

Կարապետյանը նաև անդրադարձել է գյուղատնտեսության խնդիրներին, հատկապես՝ ծիրանի իրացման դժվարություններին։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը մթերման կետերի պակասն է, ինչի հետևանքով սեզոնին գները նվազում են, և ֆերմերները չեն կարողանում շահավետ վաճառել իրենց բերքը։

Կուսակցության առաջարկով՝ Հայաստանի տարբեր մարզերում պետք է ստեղծվեն մթերման կետեր և սառնարանային տնտեսություններ, որոնք ֆերմերներից բերքը կգնեն նախապես սահմանված գնով և կարտահանեն արտասահմանյան շուկաներ։

«Մենք վերջապես կկարողանանք հայկական արտադրանքը վաճառել այն գնով, որով այն փաստացի գնվում է արտերկրում, իսկ այնտեղ գինը մի քանի անգամ բարձր է»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լուծել նաև «Լարս» անցակետի հետ կապված հարցերը, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի արագ և առանց կորուստների։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը։

Back To Top