«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին մեղադրում են ընտրակաշառք տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրակաշառք տալու հետ։ Այս մասին հայտնում է կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը։

Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի կուսակցության պատասխանատուի և այլ անձանց հետ, Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից մինչև 200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։

Հանցավոր գործունեությանը օրինական տեսք հաղորդելու նպատակով խմբի անդամները ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նրանց վճարումները կատարվել են ոչ թե իրական կատարված աշխատանքի համար, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշառք տալու և այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից՝ նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի։

Back To Top