Այսօր Հայաստանը կանգնած է անվտանգությանն առնչվող լրջագույն խնդրի առջև։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս շատ է խոսվում խաղաղության մասին, սակայն դրա մասին ստորագրված փաստաթղթին զուգահեռ խախտվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ «Մեր ինքնիշխան պետությունում խախտվել է պետության տարածքային ամբողջականությունը։ Հանրապետության 4 մարզերում մարտական հերթապահություն են իրականացնում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Չնայած ստորագրված փաստաթղթերին՝ ադրբեջանական զորքերը չեն լքել այդ տարածքները։ Ավելին՝ անկլավների հարցն էլ «օդում կախված» է», – նշել է Գոհար Մելոյանը։
Այդ առնչությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն իրավիճակը համարել է «մտահոգիչ»։ Նա կրկին մատնանշել է «Օրենք Սաֆարովի դեմ» ընդհանուր անվանումով օրենսդրական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, կթույլ տա կանխել իշխանությունների հրեշավոր ծրագրերը։