Այսօր իմ հոգեկան աջակցությունը և ջերմ շնորհավորանքներս ուղարկում եմ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ով այսօր նշում է իր ծննդյան 58-րդ տարեդարձը։
Երրորդ տարին է, ինչ Ռուբեն ջանը իր ընտանիքի, հարազատների և հայ ժողովրդի կողմից անձամբ շնորհավորվելու հնարավորությունից զրկված է։ Ֆիզիկական հեռավորությունը և Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել նրան մեր հայրենիքից, մեր ժողովրդից։ Նրա ներկայությունը և կատարած գործերը շարունակում են ազդել մեր առօրյա կյանքի վրա։
Իսկական հայրենասիրությունը ոչ թե պարզապես խոսքեր է, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է։ Ռուբենը իր կյանքով և ընտրությամբ ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների։
Մաղթում եմ նրան տոկունություն, քաջ առողջություն և հոգու արիություն։ Նրա և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է։
Հավելյալ տեղեկություն
Ադրբեջանի իշխանությունները պահում են ռազմագերիների և պատանդների խումբ, որի մեջ են մտնում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող ներկայացուցիչներ։ Այս անձանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։