ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԱՄՆ-ի Աստվածաշնչի թանգարանը ստորագրել են համագործակցության մասին մտադրության նամակ։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄԱՆ-ը։
Համագործակցության հիմնական նպատակը հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումն է, որի գագաթնակետը կարող է դառնալ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի այդ, նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական և փորձի փոխանակման ծրագրեր։
Համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրման արարողությանը ներկա էր նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համագործակցությունը՝ նշելով, որ այն թույլ կտա ցույց տալ, թե քրիստոնեական ժառանգությունը ոչ միայն պատմական, այլև ներկայիս և ապագայի անբաժանելի մասն է։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թանգարանային կառավարման, թվայնացման և կրթական ծրագրերի ոլորտներում փորձի փոխանակմանը, հատկապես երիտասարդ մասնագետների համար։
Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ այն կբացի լայն հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ նաև թանգարանի փորձագետների և հետազոտողների միջև կապ ստեղծելու համար։
Հիշեցնենք, որ Աստվածաշնչի թանգարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, բացվել է 2017 թվականին և արդեն հասել է տարեկան 800 հազար այցելուի։