Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ ընդունված դիրքորոշումը։
Շոյգուի խոսքով՝ տարածաշրջանի առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ամենաարդյունավետ ճանապարհը համատեղ գործելն է՝ օգտագործելով կազմակերպության առկա մեխանիզմները։ Նրա կարծիքով՝ հայկական կողմը ընտրել է այլ ուղի։
«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է համատեղ։ Ցավալի է, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից»,- մեջբերում է նրա խոսքը «Life.ru»-ն։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման քաղաքականությունը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, և հենց նրանք են պատասխանատվություն կրում այդ որոշման հետևանքների համար։
Ավելի վաղ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի ողջ գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը։ Նա նաև հիշեցրել է 1990-ական թվականներին Ռուսաստանի դերը Հայաստանի պետականության պաշտպանության գործում, նշելով, որ եթե չլիներ Մոսկվան, հանրապետությունը կկորցներ իր անկախությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը՝ կազմակերպության պարտավորությունները չկատարելու պատճառով։ Իսկ սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։