Հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին ԱՄՆ Կոնգրեսում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների և պատանդների պահման 1000 օրվան։ Այս մասին հայտնում է «Հայ դատի» կենտրոնական խորհրդի մամուլի ծառայությունը։
«1000 օր. Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով մամուլի ասուլիսը կվարեն ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերի կոմիտեի փոխնախագահ Բրեդ Շերմանը, ինչպես նաև կոնգրեսականներ Թոմ Մաքքլինթոքը, Ջուդի Չունը և Լորա Ֆրիդմանը։
Մամուլի ասուլիսը կկայանա այն պահին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական առաջարկը, որը պահանջում է Ադրբեջանին անհապաղ և առանց պայմանների ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ Խորհրդում նշում են, որ քննարկման կենտրոնում կլինեն նաև այլ օրինագծեր, այդ թվում՝ 2027 թվականի ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքը, որը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանին ուղղված ռազմական օգնությունը, և Պետական դեպարտամենտին հատկացումների մասին օրենքը, որը սահմանում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալները։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը կազմում է մի քանի հարյուր։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։
Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։