Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է վնասել ներդրումներին, հայտարարել է Սամվել Կարապետյանը

Հայաստանի իշխանությունների գործողությունները, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, կարող է էականորեն վատթարացնել ներդրումների ներգրավման իրավիճակը։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանի» ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ներդրումներն ակնհայտորեն նվազել են։ «Իշխանությունները չեն տեսնում այդ վտանգը, թեև ես՝ անձամբ, տեսնում եմ։ Գագիկ Ծառուկյանը մեր երկրի գլխավոր ներդրողներից մեկն է», – ընդգծել է նա՝ նշելով, որ նման գործողությունները կարող են ծանր հարված հասցնել երկրի տնտեսական զարգացմանը։

Սամվել Կարապետյանը նաև խոսել է ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության պայքարի մասին։ Նրա խոսքով՝ ապօրինությունների դեմ պայքարը կշարունակվի բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ նաև փողոցային պայքարի։ «Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնալու և անպայման կհասնենք մեր նպատակին», – ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ճնշել ընդդիմության կամքը։

Ըստ կուսակցության առաջնորդի՝ Ազգային ժողովում կատարվող աշխատանքը ևս ուղղված է գործող իշխանության հեռացմանը։ Բացի այդ, «Ուժեղ Հայաստանը» իր հնարավորությունների սահմաններում կփնտրի մեխանիզմներ՝ աջակցելու երկրի քաղաքացիներին, մասնավորապես՝ ֆերմերներին, որոնք հանդիպում են բազմաթիվ դժվարությունների։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու մեջ։ Ըստ քննչական վարկածի՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող հանցավոր խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով ստեղծել է համատեղ ընկերություններ, որոնց միջոցով պետությանը պատճառել է ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, նրան մեղադրում են նաև 934 հազար դոլարի խարդախ հափշտակության մեջ։

Back To Top