Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարցազրույցում հստակեցրել է, որ Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին ընտրություն կատարել իր գործընկերների միջև։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները և աջակցում է երկրի դիվերսիֆիկացման ձգտմանը։
Որպես իր դիրքորոշման հիմնավորում՝ Մարագոսը նշել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նա ընդգծել է, որ այդ որոշումից հետո ԵՄ-ն ոչ միայն չի փորձել պատժել Երևանին, այլև շատ կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր։
«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք Հայաստանի ինքնիշխան ընտրությանը և որոշմանը, թե ում հետ առևտուր անել, ինչպես և ինչ գործընկերություն իրականացնել։ Կարևոր է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր առևտուրն այն ուղղությամբ, որը շահավետ է համարում։ Կարևոր է, որ հայ ժողովուրդը աջակցի այդ ընտրությանը։ Մենք Հայաստանին չենք պարտադրում ընտրություն կատարել», – նշել է դիվանագետը։
Նա նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ն շահագրգռված է մարդկանց միջև շփումների դյուրացմամբ և վստահ է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի լիակատար ազատականացումը կիրականացվի շատ շուտով։
Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցության հարցին՝ Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ ընդհանուր օգնության 30 մլն եվրո տրամադրելով։ Նա հիշեցրել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մասին, որը աջակցում է հայկական կողմի անվտանգությանը, և նշել, որ այս շաբաթ Հայաստանին կտրամադրվեն ականազերծման մեքենաներ։
Վերջում դիվանագետը հավելել է, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին երրորդ երկրներում, սակայն դեռևս որոշված չէ այն երկիրը, որտեղ հայկական կողմը կներգրավվի։