Լիբանան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպումներ է կատարել Լիբանանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Նախ, Բեյրութում աշխատանքային այցի շրջանակում Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինը։ Հանդիպման ընթացքում ՀՀ փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Լիբանանին՝ հատկապես մարդասիրական հարցերի լուծման համատեքստում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացման և միջազգային կազմակերպություններում համատեղ գործունեության հեռանկարները։

Այնուհետև Կոստանյանը հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուկեի հետ։ Հանդիպման ընթացքում Անտուան Շուկեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Լիբանանին շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։ Կոստանյանը, իր հերթին, բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակել աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավիճակի մեղմմանը։

Զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ և Լիբանանի նախագահների գրասենյակների միջև համագործակցության զարգացման հարցին՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային շրջանակների ստեղծման կարևորությունը։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ ընդգծելով երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով քննարկումների շարունակման անհրաժեշտությունը։

Back To Top