Երևանում կայացած բանակցությունների արդյունքների հայտարարության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում “123” համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Մենք հպարտ ենք, որ մեր երկրները ավարտել են այս կարևոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ուժի մեջ կմտնի, այն կապահովի ամերիկյան և հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքը»,- ասել է Վենսը։ Նրա խոսքով՝ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 9 մլրդ դոլար՝ բաժանված երկու փուլերի։ Առաջին փուլում նախատեսվում է ներդրել 5 մլրդ դոլար, իսկ երկրորդում՝ ևս 4 մլրդ դոլար։
Փոխնախագահը նշել է, որ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր երկու երկրներում։
«Սա նշանակում է, որ ամերիկյան մոդուլային ռեակտորներն ու ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան»,- ընդգծել է Վենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ը շատ հազվադեպ է իր տեխնոլոգիաները արտահանում, և այս հնարավորությունը բացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ։
ԱՄՆ փոխնախագահը նաև անդրադարձել է TRIPP (“Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման”) նախագծին՝ նշելով, որ այն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխակերպմանը։ Նրա խոսքով՝ նախագիծն իրականացնելու շնորհիվ տարածաշրջանում կբացվի միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի նոր դարաշրջան, ինչը կնպաստի Հայաստանի և նրա հարևան երկրների միջև աննախադեպ փոխկապակցվածության ստեղծմանը։
«Երբ էներգետիկան և տնտեսությունը կապվում են միմյանց, դա ամրապնդում է խաղաղությունը»,- եզրափակել է Վենսը՝ հավելելով, որ նախագծի շնորհիվ տարածաշրջան կհոսի մասնավոր հատվածի կապիտալը։