Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո մամուլի համար կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց Հայաստանին նոր դրոն-տեխնոլոգիայի վաճառքի մասին։
«Ես շատ ուրախ եմ հայտարարել Հայաստանին նոր դրոն-տեխնոլոգիայի վաճառքի մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը քաջ գիտակցում է, որ խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների տարածումն ու ներդրումն է, որոնք ունի ԱՄՆ-ը։ Այժմ մենք հավանություն ենք տվել 11 մլն դոլարի հետախուզական դրոնների տեխնոլոգիայի վաճառքին Հայաստանին և մեր լավ ընկերոջ՝ վարչապետի համար։ Մենք վստահ ենք, որ այն խաղաղությունը, որը կստեղծվի, կմնա, կլինի ամուր և կայուն։ Դա նաև կստեղծի նոր աշխատատեղեր և լրացուցիչ ներդրումներ», – ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։
Ջեյ Դի Վենսը նաև նշեց այս այցի պատմական նշանակությունը՝ որպես Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահ, ով այցելել է Հայաստան։ «Ես իսկապես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, ով այցելել է այս երկիր և անհամբերությամբ սպասում եմ վաղվա օրվան՝ այստեղ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Այն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն է։ Ես ինքս քրիստոնյա եմ և գիտեմ, թե ինչ նշանակություն ունի այս երկիրը ողջ աշխարհի և այն կրոնի համար, որը մենք երկուսս էլ դավանում ենք», – եզրափակեց նա։