Բարձրագույն դատական խորհուրդը մտահոգություն է հայտնել փաստաբանների կողմից դատավորների հասցեին հրապարակվող գրառումների վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) հրապարակել է հայտարարություն, որում արձանագրում է վերջին շրջանում փաստաբանների կողմից սոցիալական ցանցերում դատավորների հասցեին հրապարակվող մի շարք գրառումների մասին։ Ըստ ԲԴԽ-ի՝ այդ գրառումները ոչ միայն չեն համապատասխանում մասնագիտական էթիկայի նորմերին, այլև ենթադրում են դատավորի հեղինակության և ողջ դատական համակարգի վարկաբեկման միտում։

Հայտարարությունում նշվում է, որ խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտ՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ, հանրային հարթակներում իրենց սեփական դատողությունները ներկայացնում են որպես բացարձակ ճշմարտություն։

ԲԴԽ-ն նկատել է, որ այդ փաստաբանները, հաճախ իրենց ապահովագրելու նպատակով, օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» տեսքով ձևակերպումներ։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող փաստաբանները հաջողությամբ կիրառում են կանխատեսելի սխեմա՝ դատավորների մասին սեփական դատողությունների հրապարակում, դատավորների լուսանկարների հանրայնացում, մամուլի միջոցով տիրաժավորում, որն ինչ-որ փուլից վերաճում է այլ թեմաներով քննարկման։

Բարձրագույն դատական խորհուրդը նշում է, որ այդ կանխատեսելի սխեման օգտագործում է նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

ԲԴԽ-ն հորդորում է զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից։ Ըստ ԲԴԽ-ի՝ խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել դատավորների նկատմամբ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու և նրանց թիրախավորելու նպատակով։ Այսպիսի գործողություններ, ըստ ԲԴԽ-ի, ոչ միայն վտանգում են դատական իշխանության անկախությունը, այլև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը։

Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում արտահայտվելիս առաջնորդվել մասնագիտական պատշաճ վարքագծի, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության սկզբունքներով, հասկանալով, որ արդարադատությունը բոլորինն է և դրա արդյունավետության համար պատասխանատու ենք բոլորս։

Back To Top