Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ժնևում

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հնարավորությունները և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու աշխատանքները։

Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն։ Շվեյցարիայի կողմից դա ընդունվել է երկուստեք գոհունակությամբ՝ որպես երկկողմ համագործակցության ավելի սերտ դարձնելու նոր խթան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության պայմաններում։ Զրուցակիցները նաև անդրադարձել են այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավվածության հնարավորություններին և առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, որոնցից մեկը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն է։

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերին, մասնավորապես՝ Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին։

Back To Top