ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առաջնահերթությունները, միջազգային մարդու իրավունքների համակարգի առջև ծառացած մարտահրավերները և երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմանների ինստիտուցիոնալացմանը։ Քննարկվել են խաղաղության ամրապնդման գործընթացը, վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության կարիքների բավարարման և մարդասիրական հարցերի լուծման հարցերը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ակտիվ և շարունակական համագործակցության կարևորությունը՝ ժողովրդավարական դիմադրողականության և մարդու իրավունքների ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդման համար։ Կողմերը նաև նշել են մարդու իրավունքների հարցերի կարևորությունը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում, որը տեղի կունենա այս տարի Հայաստանում։

Back To Top