Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների ընթացքը և երկրի խաղաղության օրակարգը։
Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում խաղաղության հաստատման և դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը։
Նախարարը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականը՝ ընդգծելով նախանշված ժամկետները, քննարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները և այլ հարցեր, որոնք կարևոր են գործընկերների համար։
Սրբուհի Գալյանը նաև ընդգծել է, որ բարեփոխումների նպատակն է իրավական համակարգի արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդումը։
Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ համագործակցությունը նախանշված ուղղություններով։