Հայաստանի իշխանությունները ակտիվորեն քայլեր են ձեռնարկում «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրագործման համար

Հայաստանի գործող իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով փորձում են կյանքի կոչել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Այս մասին մարտի 6-ին Երևանում «Երաշխավորված խաղաղություն, թե «Արևմտյան Ադրբեջան»» վերնագրով կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ այդ փաստը հաստատող տեղեկություններ արդեն գոյություն ունեն։

Ըստ փորձագետի տեղեկությունների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի նորանշանակ տնօրենի հանձնարարությամբ ինստիտուտի գիտական կազմի հետ քննարկվում է Հայաստանի նոր քարտեզում մինչև 1991 թվականը օգտագործված ադրբեջաներեն տեղանունների նշման հարցը։

«Հաղորդվում է, որ այդ պատվերը ստացվել է ՀՀ կադաստրի կոմիտեից, իսկ ակադեմիայի գիտական հանրության հավաստմամբ՝ նորանշանակ տնօրենը փորձում է գործընկերներին հակել դրա իրագործմանը՝ դրամական պարգևների հաշվին», – նշել է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ այդ քարտեզի հիման վրա կկազմվի տեղեկագիր, որտեղ, օրինակ, նշված կլինի, թե որ մարզերում են բնակվել ադրբեջանցիները 1988-1991 թվականներին։ Այսպիսով, պետական մակարդակով արդեն ձեռնարկվում են քայլեր՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցնելը Հայաստանում։

Նահապետյանը նշել է, որ նման սցենարի իրականացումը հնարավոր է, ինչպես ցույց է տալիս պատմության փորձը, օրինակ՝ Իսրայելի դեպքը (Գոլանի բարձունքներ՝ 1981 թվականին Իսրայելին բռնակցված տարածք)։ Նրա կարծիքով, Հայաստանին այսօր պարտադրվում է համանման սցենար, որի հարցը ոչ թե երկրին քաղաքական կողմնորոշումից զրկելն է, տնտեսական զարգացումը կամ դաշնակիցների ընտրությունը, այլ այն, թե արդյոք հայերը կապրեն Հայաստանում, թե՝ ոչ։

«Եվ եթե ինչ-որ մեկին դա դեռ թվում է անիրական սցենար, ապա ես ձեզ հավաստիացնում եմ․ դա կդառնա մեր իրականությունը, եթե հայկական կողմից ոչ մի հակազդեցություն չլինի», – եզրափակել է փորձագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարում է ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր վերադառնալու» իրավունքի մասին։ Ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանում բնակվում էր 84 860 ադրբեջանցի։ Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները լքեցին Հայաստանը, Հայաստանի իշխանությունները փոխհատուցում են վճարել նրանց թողած գույքի դիմաց։ Այդ հանգամանքը դարձնում է անհասկանալի Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարվող 300 հազար մարդու վերաբնակեցման պահանջի ծագումը։

Back To Top