Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում իր իրանական գործընկերոջ հետ հաստատել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի որպես Իրանի դեմ ագրեսիայի հենակետ։
Ինչպես հաղորդվում է, Ադրբեջանի ԱԳ նախարարը վերջին շրջանում տարածաշրջանում նկատվող լարվածության աճը համարել է «տագնապալի» և բոլոր կողմերին կոչ արել զսպվածության։
Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ չի թույլ տա օգտագործել իր օդային կամ ցամաքային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Ադրբեջանական կողմը նաև ընդգծել է, որ ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որը կարող է հանգեցնել Իրանի ներսում կամ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման, անընդունելի է։
«Ադրբեջանը միշտ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել․ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իսկ մեր տարածքը երբեք չի օգտագործվի ի վնաս հարևանների», – նշել է Ջեյհուն Բայրամովը։