ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ցանկանում են համաձայնության գալ, որը կարող է վերջ դնել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը։

«Իրանցիները շատ են ցանկանում համաձայնության գալ։ Մենք նույնպես ցանկանում ենք համաձայնության գալ», – լրագրողներին ասել է նախագահը։

Ըստ նրա՝ երկու կողմերի միջև բանակցություններն անցկացվել են նախորդ երեկոյան, որին մասնակցել են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշը։

«Մենք գտել ենք էական ընդհանուր հիմք՝ գրեթե բոլոր հարցերում», – վստահեցրել է Թրամփը՝ նշելով, որ կապ է հաստատվում Իրանի «առաջնորդի» հետ, սակայն դա չի վերաբերում գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ եթե բանակցությունները հաջողությամբ ընթանան, Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է լուծվել։

Նա նաև նշել է, որ եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները հինգ օրվա ընթացքում ձախողվեն, Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական գործողություններ Իրանի դեմ։

«Մենք հինգօրյա բանակցություններ ենք վարում, և կտեսնենք, թե ինչպես կընթանան։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս հարցը։ Հակառակ դեպքում, մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել որքան հնարավոր է ուժեղ», – ասել է նախագահը։

Ըստ նրա՝ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Իրանը չի կարողանա զարգացնել միջուկային զենք։ «Մենք չենք ուզում միջուկային ռումբ, միջուկային զենք», – ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները նաև ցանկանում է Իրանից ստանալ բարձր հարստացված ուրան։

Նախագահը բանակցությունների ընթացքն արժևորել է որպես «կատարյալ»՝ հավելելով, որ եթե Իրանը շարունակի նույն ոգով, դա կարող է վերջ դնել ողջ խնդրին։

Back To Top