«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, հայցը կապված է 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված տվյալների հետ, որոնք, ըստ Անդրանիկ Թևանյանի, զրպարտություն են։
Հայցադիմումի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը պարտավորեցվել է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել այն տվյալները, որոնցով նա Թևանյանին անվանել էր «լրտես»։ Հերքումը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, նրա պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով։
Բացի հերքման պահանջից, Անդրանիկ Թևանյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, և 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում առաջացած վնասի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ, հայցվորը պահանջում է բռնագանձել նաև իր կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ պետական տուրքի գումարը և փաստաբանի վարձատրությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության և լրտեսության» հոդվածով քրեական գործ հարուցելու մասին։ Ըստ կոմիտեի՝ Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է փոխանցել։ Մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ կալանքի է ենթարկվել։ Ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Ինքը՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները՝ նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին։