ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովում քննարկվեցին տարածաշրջանային խաղաղության և համագործակցության հարցերը

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 60-րդ լիագումար նիստում Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատման և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Իր ելույթում Արշակյանը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում։ Հռչակագիրը վերահաստատում է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև ուժի կիրառման և միմյանց հանդեպ թշնամանքի բացառումը։

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլևս մարդիկ չեն զոհվում, ինչը կարևոր հիմք է կայունության, կանխատեսելիության և փոխադարձ վստահության ամրապնդման համար», — նշել է Արշակյանը՝ ընդգծելով, որ այս դրական փոփոխությունը հիմք է հանդիսանում ապագա համագործակցության համար։

Հայաստանի ԱԺ փոխխոսնակը նաև անդրադարձել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ նշելով, որ Վաշինգտոնյան հռչակագիրը նաև մեկնարկ է տվել տրանսպորտային հաղորդակցությունների TRIPP նախագծին, որը կիրականացվի Հայաստանում՝ պահպանելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքները։

Արշակյանի խոսքով՝ հաղորդակցությունների լիակատար բացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առևտրի ընդլայնման, տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև լոգիստիկ, արդյունաբերական և զբոսաշրջային ոլորտների զարգացման համար։

«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտ տարածաշրջանի բոլոր երկրների համար և ստեղծելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա», — եզրափակել է նա՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր երկրներին՝ այդ նախաձեռնություններին աջակցելու համար։

Back To Top