Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ և դինամիկ ընթացքը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում արձանագրված նշանակալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը, համագործակցության նոր տեսլականներ և հնարավորություններ են ստեղծում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։