Կոռուպցիոն ճնշում և քաղաքական հետապնդում՝ ընտրությունների նախօրեին

Հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում կոռուպցիոն խնդիրներն ունեն 17 ուղղություն, որոնք բացահայտվել են «Անտիկոռ» հակակոռուպցիոն հարթակի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում։ Այս մասին մայիսի 15-ին հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը «Կոռուպցիան նախընտրական շրջանում» թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ փաստաբանի՝ իշխանությունների կողմից ճնշման հիմնական գործիքը քրեական գործերն են, որոնք, նրա խոսքով, դարձել են քաղաքական հետապնդման ձև։ «Այս գործերի շրջանակում ակնհայտ են վարչական ռեսուրսի չարաշահումները։ Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի Քրեական օրենսգիրքը օգտագործվում է որպես «ծանր մահակ» ընդդիմության կողմնակիցներին վախեցնելու համար։ Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ընդդիմությանը, կարող է ձերբակալվել», – ընդգծեց նա։

Բաբայանը նաև նշեց, որ այսօր գաղտնալսումների ենթարկվում են բոլոր ընդդիմադիր ուժերը։ Նրա խոսքով՝ գաղտնալսումների տվյալների մշակումը և մոնտաժը բավականին երկարատև գործընթաց է, սակայն իշխանությունները ջանքեր են գործադրում դրանք հնարավորինս արագ հանրությանը հասցնելու համար։

Փաստաբանը նկատեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր հրապարակումներում ոչ միայն տեղեկացնում է տեղի ունեցածի մասին, այլև անվանում է կոնկրետ քաղաքական ուժերին՝ շեշտը դնելով հենց նրանց անվան վրա։ Նա նաև նկատեց, որ գաղտնալսման ենթարկվում է ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող կուսակցությունը։ «Հետաքրքիրն այն է, որ եթե նրանք էլ գաղտնալսվեին, հնարավոր է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարությամբ հանդես չգար Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նկատմամբ, որը սոցիալական աջակցություն էր բաժանում ընտրությունների նախօրեին», – նշեց Բաբայանը՝ ընդգծելով, որ նման գործողությունները հանցակազմ չեն համարվում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխող կուսակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ այն ուղղված է բացառապես ընդդիմության և քաղաքացիական հասարակության այն անդամների դեմ, որոնք չեն աջակցում գործող իշխանություններին։ Նրա խոսքով՝ այս ամենը հերթական անգամ արվում է մեկ նպատակով՝ այլախոհ քաղաքացիներին վախեցնելու համար։

Փաստաբանը ամփոփեց, որ Հայաստանի Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, իրավապահ մարմինները և Գլխավոր դատախազությունը դարձել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական շտաբի գործիքները։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը կխստացվի՝ ազատազրկման ժամկետը 8 տարուց հասցնելով մինչև 10 տարի, իսկ ընտրակաշառք ստանալու համար՝ 7 տարուց մինչև 9 տարի։

Back To Top