Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի գրասենյակում

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի Սպիտակում գտնվող գրասենյակում։ Այս մասին տեղեկությունը հաստատվել է քաղաքական ուժից։

«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի։ Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը», – ասվում է դաշինքի հայտարարությունում։

Ըստ դաշինքի՝ այս գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունը չունի հանրային աջակցություն և իր վերարտադրության համար դիմում է նման քայլերի։

«Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է», – նշված է հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել նրանց քաղաքական օրակարգը։

«Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին», – եզրափակվում է դաշինքի հայտարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում, հաղորդվել էր նաև ձերբակալվածների մասին։ Գերատեսչությունում խոստացել են ավելի ուշ մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։

Back To Top