Հայաստանը խաղաղության շնորհիվ ընդլայնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ

Ադրբեջանի հետ վերջերս կնքված խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում՝ ընդլայնելով համագործակցությունը Եվրոպական միության հետ, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ակտիվ համագործակցում է ԵՄ երկրների հետ տարածաշրջանային անվտանգության ոլորտում։ «Մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցություն Ֆրանսիայի հետ, և ԵՄ-ն արդեն երկու անգամ աջակցություն է ցուցաբերել մեզ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանային համատեքստում, և վերջերս ձեռք բերված խաղաղությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել այս համագործակցությունը՝ ներառելով նաև ենթակառուցվածքային նախագծեր», – ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ անվտանգության հիմնական երաշխիքը խաղաղությունն է։ «Անվտանգության միակ և ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Չկա ավելի հզոր երաշխիք, քան խաղաղությունը», – ընդգծել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ անվտանգության երկրորդ կարևոր երաշխիքը համագործակցությունն է, որը ներառում է տնտեսական փոխկապակցվածություն և փոխադարձ շահ։ Նա նաև հավելացրել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրոպայի մի շարք երկրների հետ, ինչը նախկինում նման չէր։

«Մենք հասկանում ենք, որ բանակի զարգացումը շատ կարևոր է, և դա ոչ միայն իրավունք է, այլև յուրաքանչյուր ինքնիշխան երկրի պարտականություն։ Սակայն անվտանգության մեր ընկալումը ժամանակի ընթացքում փոխվում է՝ դառնալով ավելի շատ քաղաքական և դիվանագիտական, քան ռազմական։ Բանակը մեզ համար անվտանգության առումով գործիք չէ, այլ ռեզերվ, եթե հանկարծ խաղաղության հիմնական գործիքները, որոնց մասին ես խոսում եմ, դադարեն աշխատել», – եզրափակել է վարչապետը։

Back To Top