Հայաստանը ողջունում է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին։ Այս քայլը նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և խառնածին սպառնալիքների հասցեագրմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով։ Գործունեության ընթացքում այն կնպաստի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և կօգնի հասարակությանը դիմակայել ներկա մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ։
Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որը հրապարակվել էր ավելի վաղ, պարունակում էր «խնդրանք արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը և Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար»։ Այս որոշումը համարվում է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակում իրականացվող հերթական համատեղ նախաձեռնություն, որը կայացվել է մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն նմանատիպ առաքելություն էր արդեն ուղարկել Քիշնև՝ աջակցելու Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին։ Այդ առաքելության նպատակն էր օգնել մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։ Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է Հայաստանին 15 մլն եվրո հատկացնել՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։