Հայաստանում տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին արձագանքելով՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները չեն տվել իշխանություններին մանդատ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու կամ երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։
Օսկանյանը նշել է, որ հետևել է տարբեր ընտրական գործընթացների, սակայն նման վատ ընտրություններ՝ բոլոր իմաստներով, նա դեռ չի տեսել։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները վատն են դարձնում մի քանի հանգամանքներ։
Առաջին հերթին՝ այն փաստը, որ նման ընտրություններ կայացան այն պայմաններում, երբ Հայաստանը, որպես անկախ պետություն, գոյություն ունի արդեն 35 տարի։ Երկրորդ՝ դրանք անցել են մի ղեկավարության օրոք, որն իշխանության է եկել՝ խոստանալով, որ թույլ չի տա որևէ ոտնձգություն ժողովրդի կամարտահայտության ազատության հանդեպ։
Նախկին նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում խախտումներ եղել են նաև նախորդ ընտրական գործընթացների ժամանակ, սակայն դրանք այդքան զանգվածաբար չեն կիրառվել։ Օրինակ, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ պետական բյուջեի միջոցների այդքան բացահայտ օգտագործում չի եղել։
Օսկանյանը կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, որը թույլ չի տա իշխանություններին ընտրություններից 6 ամիս կամ մեկ տարի առաջ առաջարկել նոր ծրագրեր, որոնք նախատեսված չեն եղել պետբյուջեի շրջանակներում։ Նրա խոսքով՝ այս ամենն արվում է բացառապես քաղաքացիների ձայները ստանալու համար, ինչը, ըստ էության, ընտրակաշառք է։
Եթե այս գործընթացը չդադարեցվի, ապա երկիրը խրվելու է այս կրկնվող ցիկլի մեջ, որի արդյունքում իշխանությունը ամեն անգամ կրկին վերընտրվելու է։
Օսկանյանը վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ձայների իրական թիվը չի գերազանցում 30-40 տոկոսը, իսկ մնացած բոլոր ձայները ստացվել են վարչական ռեսուրսի չարաշահման հաշվին։ Նրա կարծիքով՝ դա նշանակում է, որ իշխանությունը չունի 50 + 1 ձայն և չունի 3/5-ը խորհրդարանում։
Այս ամենի հիման վրա նախկին նախարարը եզրափակել է, որ Հայաստանի քաղաքացիները չեն տվել իշխանություններին մանդատ՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններ կատարելու համար, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու համար և Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։ Նա նշել է, որ մենք ունենք ազգային, իրավական և քաղաքական հիմքեր՝ դիմակայելու այս իշխանության հետագա գործողություններին։