Հայաստանի օմբուդսմենը եվրոպացի դիվանագետների հետ քննարկեց ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած եվրոպացի դիվանագետների խմբի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանը վերաբերող հիմնական հարցեր։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնկը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդկվիստը, ես ներկայացրի Օմբուդսմենի աշխատակազմի գործունեության ուղղությունները և ընտրական գործընթացներում մանդատի իրականացման առանձնահատկությունները։

Հատկապես ընդգծեցի, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում շարունակվում են արձանագրվել խոսքի անընդունելի դրսևորումներ՝ ագրեսիվ, խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տարբեր ձևեր, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Ընտրական գործընթացների համատեքստում ես նշեցի, որ իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն հավասար և միասնական չափանիշներով՝ բացառելով ցանկացած տեսակի ընտրողական մոտեցում։

Այս հարցի շրջանակում ես ուշադրություն հրավիրեցի նաև այն հանգամանքի վրա, որ նախընտրական շրջանում պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է լինի առավել զգայուն և լիովին համապատասխանի մարդու իրավունքների սկզբունքներին։

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև ազատությունից զրկելու ձևով խափանման միջոցի չափից ավելի կիրառման խնդիրը։ Իմ խոսքով՝ կալանքը հաճախ կիրառվում է անհասկանալի և անհամաձայնեցված ձևով, ինչը ցույց է տալիս համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում։

Հիշեցնեմ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 232 քաղաքացի։

Back To Top