Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկումների միջոցով համաձայնության գան հայկական երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի հարցում, այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ռուսական կողմին դիտարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հարցը, փոխվարչապետը նշել է, որ դա շատ բարդ հարց է, որին դեռևս հնարավոր չէ ուղղակի պատասխան տալ, սակայն լուծումը պետք է գտնվի։
Գրիգորյանը նաև խոստովանել է, որ այս պահին Երևանի և Մոսկվայի միջև կոնցեսիայի վաճառքի հարցով բանակցություններ չեն ընթանում։
Հարցին՝ թե ինչու է Հայաստանը խնդրել ՌԴ-ին վերականգնել երկաթուղու երկու հատվածները, եթե պատրաստվում էր խնդրել վաճառել կոնցեսիան, փոխվարչապետը բացատրել է, որ հայկական կողմն իսկապես բարձրացրել է երկու հատվածների շինարարության հարցը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկաթուղին լիարժեք գործի և պատրաստ լինի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Նա նաև հստակեցրել է, որ նման առաջարկ հնչել է հայկական կողմից։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան 2008 թվականից պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է։ Կոնցեսիայի ժամկետը նախատեսված է 30 տարվա համար։
Այս տարվա փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում առաջարկել էր ռուսական կողմին դիտարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության վաճառելու հարցը։ Նա նշել էր, որ, թեև Հայաստանը ՌԴ-ի դեմ ոչինչ չունի, ռուսական կոնցեսիան «որոշակի մրցակցային կորուստներ» է ստեղծում հանրապետության համար։
Հայաստանի վարչապետի նման առաջարկից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն անվանել էր «տարօրինակ»՝ ընդգծելով, որ ռուսական օպերատորը ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես հայտարարել էր, որ ելնելով հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական զգացումներից՝ Ռուսաստանը որոշել է սկսել բանակցություններ Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին։