Հայաստան-Եվրոպայի խորհրդի համագործակցության ամփոփում և հաջորդ փուլի մշակում

Հայաստան-Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագահությամբ։

Նիստի ընթացքում ամփոփվել է 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի արդյունքները բարձր են գնահատվել։ Ընդգծվել է համագործակցության դերը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացն ու առաջիկա նախագծերը։

Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհրդի 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման մեկնարկի վերաբերյալ։ Այս քննարկումը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է հաջորդ ծրագրի մշակման գործընթացում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ներառականության խթանման, բարեվարքության և պատշաճ կառավարման խրախուսման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների հզորացման ու դիմակայունության ապահովման կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել Հայաստանի փորձագիտական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությանը։

Միջոցառմանը ներկայացել են ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ։

Back To Top